ՀՀ կառավարությունը դեկտեմբերի 25-ի նիստում քննարկելու է Հողային օրենսգրքում փոփոխություններ կատարելու նախագիծը։ Ըստ առաջարկվող փոփոխությունների, համայնքային և պետական հողերը Մայր Աթոռին եկեղեցիների շինարարության ու սպասարկման համար այլևս չեն տրամադրվի անհատույց սեփականության իրավունքով, այլ միայն անհատույց օգտագործման իրավունքով։ Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ այս փոփոխությունը նպատակ ունի վերանայել ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի կարգավորումները։
Արդարադատության նախարարությունը, սակայն, ընդգծել է, որ նախագծի հիմնավորումներում բացակայում են ընթացիկ իրավիճակի, խնդիրների և ակնկալվող արդյունքների վերլուծությունները։ Նախագծի հեղինակ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հիմնավորումը կապել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարականի հետ, որը տրվել էր 2023-ի ապրիլին Տավուշում կայացած խորհրդակցության ընթացքում։ Կառավարության առաջարկած կարգավորումները չեն անդրադառնում մինչ այս պահը Մայր Աթոռին հանձնված հողերին։

